«Սասուցի Դավիթ»

Որբացած նորածին Դավթին ուղարկում են Մըսր՝ Իսմիլ Խաթունի մոտ, որտեղ քաջազունը մեծանում է ժամ առ ժամ: Մըսրա Մելիքը փորձում է խորամանկությամբ սպանել Դավթին, բայց պատանի դյուցազնը հաղթահարում է բոլոր փորձությունները և վերադառնում Սասուն: Ձենով Օհանը Դավթին կարգում է գառնարած, ապա՝ նախրապան, որսորդ: Դավիթն սպանում է Սասունը կողոպտած դևերին և երկրի ամբարները լցնում բարիքներով, միայնակ կոտորում է Մըսրա Մելիքի զորքին, վռնդում է նաև հարկահավաք Կոզբադինին: Մելիքը բազմահազար զորքով ինքն է արշավում Սասուն: Դավիթը սրի մեկ հարվածով երկու կես է անում խոր հորի մեջ թաքնված Մըսրա Մելիքին:

Սասունն ազատագրելուց հետո Դավիթը նշանվում է Չմշկիկ Սուլթանի հետ, բայց լսելով Կապուտկողի արքայադուստր Խանդութի գեղեցկության մասին՝ մի շարք քաջագործություններից հետո ամուսնանում է նրա հետ: Ապա գնում է Գյուրջիստան և 7 տարի մնում այնտեղ: Խանդութը ծնում է արու զավակ և անունը դնում Մհեր: Չափահաս դառնալով՝ նա որոշում է գնալ և գտնել հորը: Ճանապարհին հայր ու որդի հանդիպում են և, իրար չճանաչելով, մենամարտում: Դավիթը Մհերի բազկապանից ճանաչում է որդուն, չի ներում, որ նա հանդգնել է մենամարտել իր հետ և անիծում է. «Անմա՜հ ըլնես, անժառա՜նգ»: Դավիթն սպանվում է Չմշկիկ Սուլթանի աղջկա թունավոր նետից, իսկ ամուսնուն հավատարիմ Խանդութը ցած է նետվում բերդի գլխից:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով