Ժուկով-ժամանակով մի փոքրիկ, շատ փոքրիկ գյուղ կար: Էս գյուղի բնակիչներին կոչում էին բալզաթցիներ, որովհետև գյուղի անունը Բալզաթ էր: Նրանք շատ միամիտ մարդիկ էին: Չէ, միամիտ չէին, ճիշտը որ ասենք` խելքից մի քիչ պակաս էին:
Գյուղամիջում մի եկեղեցի կար: Եկեղեցու բակում մոշի մի թուփ էր աճում: Թուփը
տարեցտարի մեծանում էր, խոշորանում և եկեղեցու դուռը համարյա փակել էր. Մարդիկ հազիվ էին այնտեղ մտնում:
Մի օր էլ գյուղացիները հավաքվում են ու որոշում` եկեղեցին հեռացնեն, որ հանգիստ
ելումուտ անեն: Գյուղի կանայք մի երկար, հաստ պարան են գործում: Տղամարդիկ պարանը երեք անգամ փաթաթում են զանգակատան շուրջը: Ահել-ջահել հավաքվում են, իրար կողքի շարվում, պարանից քաշում ու գոռում.
Մե՜կ-երկո՜ւ, քաշեցի՜նք, մե՜կ-երկո՜ւ, քաշեցի՜նք…
Քաշում են, քաշում, պարանը քիչ-քիչ ձգվում է, երկարում. բալզաթցիներն էլ մի երկու
սանտիմետր հեռանում են եկեղեցուց ու կարծում են, թե եկեղեցին է շարժվել: Ուրախանում են ու գոռում.
-Եկեղեցին տեղից շարժվո՜ւմ է:
Շատ որ ձգում են, պարանը կտրվում է, և բալզաթցիները իրար վրա են թափվում: Վեր են կենում, շորները թափ տալիս ու նայում եկեղեցուն: Նայում են ու շատ են զարմանում, որ եկեղեցին մի մատնաչափ էլ չի շարժվել: Առաջվա պես իր տեղում է նաև մոշի թուփը: